Encyclopedia

Գարեգին Բ Ներսիսյան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (ծնվել է՝ Օգոստոս 21, 1951), Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս 1999-ից։

 

Կենսագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը (ավազանի անունով`   Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951 թ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում։

 
Նախնական կրթությունն ստացել է Ոսկեհատ գյուղում: 1965 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970 թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1971 թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով Հոգևոր ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»:
 
1972 թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։
 
1972 թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ 1975 թ. նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։
 
1979 թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում։
 
1980 թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983 թ. ապրիլին՝ Առաջնորդական Փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992 թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։
 
1989 թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը։
 
1992 թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն:
 
1990 թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում:
 
1990 թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է:
 
1995 թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոսի:
 
1998 թ.Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ:
 
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։
 
Վեհափառ Հայրապետը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսուցչապետն է։ Ներկայումս Նորին Սրբությունը ճեմարանում դասավանդում է «Քարոզխոսություն» առարկան:

Եկեղեցական գործունեություն

Գարեգին Բ Հայրապետի գահակալությունից հետո (2009 թվականի դրությամբ) նորոգվել են 30-ից ավելի եկեղեցիներ, ևս 9 եկեղեցիներ գտնվում են վերանորոգման փուլում: Կառուցվել են 91 եկեղեցիներ:

Ձեռամբ Վեհափառ Հայրապետի մասնավորապես օծվել են Սպիտակի Սուրբ Հարություն, Երևանի Սուրբ Սարգիս, Վայքի Սուրբ Տրդատ, Տաշիրի Սուրբ Սարգիս, Մալիշկայի Սուրբ Աննա, Չարենցավանի Սուրբ Ամենափրկիչ, Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Առինջի Սուրբ Աստվածածին, Գյումրիի Սուրբ Հակոբ, Մարմարաշենի Սուրբ Գևորգ նորակառույց եկեղեցիներն ու Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու զանգակատունը, Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին, Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին, Լվովի Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցին, վերասրբագործվել են Դվինի Սուրբ Հարություն, Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին, Սաղմոսավանքը, Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրը, Լոնդոնի Սուրբ Եղիշե, Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցիները:
 
2001 թ. սեպտեմբերի 23-ին ձեռամբ Վեհափառ Հայրապետի կատարվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու օծումը։
 
Մայր Աթոռում վերանորոգվել են հետևյալ կառույցները.
  • Մայր Տաճար
  • Վանատուն
  • Հրատարակչություն
  • Հին Ճեմարանի շենք
  • Սարկավագական կացարաններ
  • Գևորգյան Ճեմարան
  • Խրիմյան թանգարան
  • Ճեմարանի ննջարաններ
  • Վարչական շենք
  • Հին Վեհարան
  • Տաճարի թանգարան
Վերանորոգումներին զուգընթաց կառուցվել են հետևյալ շինությունները.
  • Մկրտարան
  • Դիվանատուն
  • Միաբանական շենք
  • Ձեռագրատուն
  • Ճեմարանի մատուռ
  • Ճեմարանի սպորտային համալիր
  • Դաստիարակության կենտրոն Հոգևոր Կրթական կենտրոն
  • Բաց Խորան
  • Վազգենյան դարպաս
  • Գլխավոր դարպաս
Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր արդյունավետորեն շարունակվում են ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի։
 
Գահակալության առաջին իսկ տարում Վեհափառ Հայրապետը հիմանդրեց Գարեգին Ա-ի անվան Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը, որի հարուստ գրադարանը մեծապես նպաստում է Մայր Աթոռի միաբանների գիտական և աստվածաբանական մտքի զորացմանը։ Կենտրոնում աշխատելու և գրականության հարուստ հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել նաև հայ և օրտարազգի մտավորականությանը։ Գարեգին Բ Հայրապետի գահակալության օրոք Գյումրիի ընծայարանը, Սևանի Վազգենյան Դպրանոցը և Գևորգյան Հոգևոր Ճեմարանը մեծ առաջընաց ապրեցին:
 
1999-2009թթ. Ճեմարանը տվել է 249 շրջանավարտ, ձեռնադրվել են 225 հոգևորականներ:
Հոգևոր-կրթական հաստատությունների հետ սերտ աղերս ունեն Հայորդյաց Տները։ Հմուտ ուսուցիչների և մանկավարժների ջանքերով առավել զարգանում են Հայորդյաց Տներ հաճախող երեխաների ու պատանիների ստեղծագործական ունակությունները, միաժամանակ նրանք ստանում են նաև քրիստոնեական դաստիարակություն։ Գարեգին Բ Կաթողիկոսի տասնամյա հովվության օրոք բացվել են ութ Հայորդաց տներ:
 
Կոչումներ, շքանշաններ
 
Գարեգին Բ Կաթողիկոսը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ:
 
2000 թ. ստացել է Արցախի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:
 
Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի և ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի կողմից առաջադրվել է վերոհիշյալ ակադեմիայի անդամ, իսկ 2001 թ. ակադեմիայի տնօրինության կողմից Կաթողիկոսին շնորհվել է փիլիսոփայության դոկտորի կոչում:
 
2003 թ. Ամենայն Հայոց Հայրապետին շնորհվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր անդամի կոչում:
 
2004 թ. Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից Նորին Սրբությանը շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:
 
Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պարգևատրվել է Հորդանանի բարձրագույն Ա կարգի, Պաղեստինի «Բեթղեհեմ-2000», Ռումինիայի ազգային բարձրագույն պարգևով՝ «Ռումինիայի աստղ» (2000), Ուկրաինիայի Հանրապետության «Իշխան Յարոսլավ Իմաստուն» 5-րդ աստիճանի (2001), Ֆրանսիայի Պատվավոր Լեգեոնի շքանշանի կոմանդորի (2001), Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Անդրեաս առաքյալի (2004) և բարձրագույն այլ շքանշաններով:
 
2010թ. Համայն ռուսիո պատրիարքության կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն արժանացել է պատվավոր մրցանակի`   ուղղափառ ժողովուրդների միության ամրապնդման գործում նշանակալի ներդրման և հայ ժողովրդի կյանքում և ամբողջ աշխարհում քրիստոնեական հոգևոր արժեքներն առաջ մղելու համար:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.